Սյունիքում կան մարդիկ, ովքեր իրենց բողոքը հայտնում են անկեղծ մղումներով, ոչ թե ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդելով եւ Սյունիքի դեպքերի ժամանակ շատերը կային, որ իսկապես եկել էին եւ ուզում էին մասնակցել, ինչու ոչ նաեւ իրենց դժգոհությունը արտահայտել, բայց իրենց դժգոհությունը հայտնում էին հայացքով, լռելյայն կեցվածքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Օրինակ՝ տեսնում ենք, որ փողոցում 2-3 խուժան իրենց պահում են քաղաքական մարդուն շատ անհարիր կեցվածքով, եւ այնտեղ կան իրավապահներ, որոնք կլուծեն խնդիրները: Այն հայհոյանքները, որոնք տեղում էին իրավապահ մարմինների ներկայությամբ, առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին:

Իրավապահ մարմինները չէին կարող բամբակների մեջ պահած բերման ենթարկել քաղաքացիներին, այդպիսի դեպքեր եւս հնարավոր են»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Նա նաեւ նշեց՝ Սյունիքում կան անձինք, ովքեր իրոք անհանգստանում են իրավիճակով, բայց կան մարդիկ, ովքեր չարաշահում են այդ ամենը եւ սխալ դրսեւորումներ ունենում, իսկ իշխանությունները պետք է այդ դրսեւորումներին արձագանքեն:

«Անվտանգային խնդիրներ կան մեր հայրենիքի ողջ սահմանների երկայնքով, քանի որ մենք գիտենք՝ ինչ երկրներով ենք շրջապատված եւ ինչ աշխարհաքաղաքական իրողություններով ենք ապրում, մենք պետք է այսօր լուծենք այսօրվա հարցը, որպեսզի մյուս օրը չբախվենք այդ խնդիրներին»,- նշեց նա: