Ալիեւը մեր համարակալած ծառերի տակ է նկարվել. նա եղել է Արցախի բնապահպանության կոմիտեի «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոսիների պուրակ» արգելավայրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կանաչ Արցախ կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահրամ Հայրապետյանը՝ հավելելով, որ դա ընկնում է Կովսականի (Զանգելան) տարածքում:

«Այն ձգվում է Ծավ գետի ափին, Ներքին Հանդից գալիս էդտեղով անցնում է: Մենք սոսիների պուրակում բավականին աշխատանքներ տարել ենք: Հայտնի լուսանկարում եթե ուշադիր նայեք, թիթեղ կա կպցրած: Դա մեր համարակալածն է: Ես չգիտեմ, գուցե իրենք ֆոտոշոփ են արել ծառի շուրջը, բայց որ ծառը մերն է, դա հաստատ է:

164,5 հա տարածք միայն մեր ՊՈԱԿ-ինն է եղել, մեր «Սոսիների պուրակն» է եղել: Այսինքն պետական արգելավայրից մեր ՊՈԱԿ-ի բաժինը այդքան է կազմել»,-ասաց նա:

Վահրամ Հայրապետյանի խոսքով, իրենց արգելոցի մի եզրը եղել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մոտ, այդտեղից 164 հա ձգվել է մինչեւ Կովսականի (Զանգելան) վերին հատվածը:

«Մեր ՊՈԱԿ-ը ձեւավորվել է 2018-ի մայիսի 11-ին Արցախի կառավարության որոշմամբ: Մենք «Սոսիների պուրակ» պետական արգելավայրում 2,5 տարիների ընթացքում 2563 սոսի, 85 ընկուզենի, 38 ուռենի, 25 թխկի և 33 կաղնի (արաքսյան) ենք համարակալել»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի ու Որոտանի շրջաններ է այցելել Ալիեւների ընտանիքը։ Նրանք գրկել են Սոսու ծառը եւ լուսանկարվել։ Այդ լուսանկարը քննարկման առիթ է դարձել համացանցում։

Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր պնդում են, որ դա «Սոսիների պուրակն» է, որը դեռեւս դեկտեմբերի 18-ին հանձնվել էր Ադրբեջանին։

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ այդ առնչությամբ պարզաբանում է տարածել, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։

«Երեւի Ալիեւն է սահմանը խախտել ու հայկական տարածքում նկարվել». Շիկահողի գյուղապետը՝ նախարարության պարզաբանման մասին