ԱՄՆ-ը լարվածության դեէսկալացիա են ցանկանում Իրանի հետ ծովում՝ ապագա սխալներից խուսափելու համար: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցին հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրան խնդրել են մեկնաբանել հաղորդումներն այն մասին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) նավերը ապրիլի 2-ին Պարսից ծոցում շրջափակել են ԱՄՆ առափնյա պահպանության երկու նավերը: «Մենք ակնհայտորեն ցանկանում ենք լարվածության դեէսկալացիա տեսնել: Մենք չենք ցանկանում սխալներ տեսնել»,- ասել է Քիրբին:

«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ: Դա մշտական խնդիր է արդեն երկար ժամանակ: Մենք Իրանի ռազմածովային ուժերի կողմից նույն վարքագիծը չենք տեսնում: Դրանք հիմնականում ԻՊԿ-ն է եւ սովորաբար նրարնց փոքր արագագնացները: Դա շարունակում է մտահոգություն առաջացնել: Եվ դա, իհարկե, ինչպես արդեն ասացինք, մեծացնում է սխալներիի հավանականությունը, ինչը, կարծում եմ, ոչ ոքի օգուտ չի տա աշխարհի այս մասում»,- ասել է Պենտագոնի մամուլի խոսնակը:

Ճեպազրույցն անցկացվել է մինչ այն, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ ՌԾՈՒ պարեկային Firebolt նավը նախազգուշական կրակոցներ է արձակել, երբ Պարսից ծոցում ԻՊԿ արագագնած մոտորանավակները մոտենում էին դրան: ԱՄՆ ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ անձնակազմը բարձրախոսներով իրանական մոտորանավակներին մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել զորավարժությունները: Ըստ ամերիկյան կողմի՝ իրանական զինուժի հետ կապը պահպանվել էր եւ միջոցներ են ձեռնարկվել «սխալների, բախման եւ սրման ռիսկերի նվազեցման համար»: