ԱՄՆ-ն եւ Թուրքիան համաձայն չեն որոշ հարցերի շուրջ, սակայն Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակից է եւ «օրինական» մտավախություններ ունի Իրաքի եւ Սիրիայի սահմաններին անվտանգության կապակցությամբ, հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, գեներալ Քենեթ Ֆ. Մաքքենզին:

«Թուրքիան օրինական մտահոգություններ ունի Սիրիայի եւ Իրաքի սահմաններին ազգային անվտանգության կապակցությամբ,- ասել է Մաքքենզին:- Այն, ինչ մենք փորձում ենք անել Թուրքիայի հետ՝ առավելագույնի հասցնել այն ոլորտները, որոնց շուրջ մենք կարող ենք պայմանավորվել. կարելի է ընկերներ մնալ, նույնիսկ եթե համաձայն չեք: Կան որոշ ոլորտներ, որոնց մասով մենք համաձայն չենք»:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները ցածր մակարդակի վրա են այն բանից հետո, երբ Թուրքիան 2019-ին Ռուսաստանից գնեց «Ս-400» ՀՕՊ հրթիռները, ինչը Վաշինգտոնին դրդեց բացառել երկիրը F-35 գաղտնի կործանիչների զարգացման ծրագրից: Երկու երկրները տարաձայնություններ ունեն նաեւ Սիրիայի քրդերի նկատմամբ իրենց քաղաքականության եւ Միջերկրական ծովի նկատմամբ Թուրքիայի հավակնությունների մասով:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում՝Բելգիա կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

«Կարծում եմ, որ լավ նշան է այն փաստը, որ երկու նախագահները պատրաստվում են զրուցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը, կարծում եմ, տեղի կունենա առաջիկա ամսում,- ասել է Մաքքենզին:- Կարծում եմ, որ սա դրական քայլ է առաջ»: