Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սկանդալային հայտարարությունն է հնչեցրել, անուղղակի մեղադրելով Հայաստանի ղեկավարությանը՝ պատերազմը վաղաժամ չկանգնեցնելու համար։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել։

Հարությունյանն ասել է, որ պատերազմի այսպիսի հետեւանքի պատճառը Թուրքիայի եւ նրա բերած 7 հազար վարձկան ահաբեկիչների մասնակցությունն է: Նա դժգոհել է նախկիններից, որ 1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո չեն կապիտալիզացրել հաղթանակը, մյուս ամենամեծ սխալն էլ այն էր, որ 1992-ին Շահումյանի եւ այլ շրջանների հայաթափումից հետո 50 հազար հայ բնակչությանը չեն պահել Արցախում։ Ըստ նրա՝  Արցախը կշարունակի քաղաքական պայքարը Ադրբեջանի օկուպացրած տարածքների համար, գոնե ԼՂԻՄ սահմաններում:

Վերլուծաբաները համարում են, որ Արցախի նախագահի հայտարարությունն ուղիղ մեղադրանքներ է պարունակում Փաշինյանի հասցեին։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի խոսքով՝ փաստորեն, Օնիկ Գասպարյանը ճիշտ էր, իշխանությունները ստում էին։ «Ընդունում եք, որ 44 օր խաբել եք հանրությանը։ Հոկտեմբերի սկզբից իմանալով, թե ուր է տանում պատերազմի ընթացքը դիտավորյալ խաբել եք ժողովրդին։ Հոկտեմբերի սկզբին իմանալով զարգացումների ընթացքը, դուք, ձեր վարչապետը մի քանի անգամ կոչ էիք անում մեր երիտասարդներին գնալ բայրաքթարների տակ զոհվելու։ Անձամբ վարչապետ Փաշինյանը իր  կոչերով գիտակցաբար մահվան է ուղարկել հազարավոր երիտասարդների։ Պատերազմի դադարեցումը չէր կարող քաղաքական կոնսենսուսի խնդիր լինել։ Դա հատկապես ձեր և ձեր վարչապետի պատասխանատվությունն էր։  Սա ամենածանր մեղադրանքն էր, որ հնչեց վարչապետի հասցեին իր իսկ զինակցի կողմից։ Մնացածը արդարացումներն այլևս անիմաստ են», գրել է Վարդանյանը։

Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից  կրկին առաջ են եկել: Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը  NEWS.am-ին  հայտնել է, որ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ. պատճառաբանում են, թե վերադասի հրամանն են կատարում։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները 370 մետր առաջ էին եկել: Բանակցության արդյունքում վերադարձել էին ելման դիրքեր:

Աջակիցների հետ հանդիպմանը Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահը, պարզաբանել է, թե ինչու է վերադառնում մեծ քաղաքականություն:

Հաջողության բանաձեւն, ըստ նրա՝ կարգապահությունն է եւ պատասխանատվության զգացումը, նաեւ անընդհատ սեփական անձի վրա աշխատելը, նոր գիտելիքներ ձեռք բերելը: «Ով չի ուզում աշխատել, էն գլխից ես ինքս կխնդրեմ, որ ինձ ձայն չտա»,– նշել է նա: Գործող իշխանությունն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ավերել է տնտեսությունը։ Նա նշել է, որ վերականգնելու է մշակույթի եւ գյուղատնտեսության նախարարությունները։

Գյուղատնտեսությանն է անդրադարձել նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ։ Ըստ նրա՝  Կոտայքում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում, միայն երկու մարզում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին՝ Արարատում և Արմավիրում։

Փաշինյանը նշել է, որ, ըստ նոր ծրագրի, եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի:

Իշխող խմբակցությունը Քրեական օրենսգրքում նախաձեռնել է փոփոխություններ,  որոնք պայմանավորված են արտահերթ ընտրություններով։ Այդ փոփոխությունների բուն էությունը քրեական պատասխանատվության սահմանումն է ընտրական քարոզարշավի անցկացմանը խոչընդոտելու համար: Ըստ փորձագետների՝ իշխանությունները հապճեպ քայլը ուղիղ կապ ունի Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ձախողման հետ, երբ բնակիչները նրան դուրս վռնդեցին՝ մեղադրելով դավաճանության մեջ, և իշխանությունն այդ կերպ փորձումէ  կանխել նման սցենարի կրկնությունը արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Մինչդեռ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ փաթեթն անհրաժեշտ է երկրում ազատ, արդար եւ ավելի մրցակցային ընտրություններ կազմակերպելու համար:

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ Վանեցյանը հրավիրվել է՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու՝ կապված իբր, դասալքության հետ։  «Շուշիի դիրքերը լքելը հրապարակային հերքել են իրազեկ անձինք։ Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման շարունակությունն է»,- նշել է փաստաբանը։

Դատարանը բավարարել է դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել է, որ դատարանի որոշումն ապօրինի եւ այն կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան։ Հիշեցնենք, որ Հեքիմյանը ապրիլի 22-ին՝  դատախազության դիմաց ոստիկանության հետ հրմշտոցից հետո ձերբակալվածներից մեկն է։

Արծվիկ Մինասյանի համար ակնհայտ է, որ դատարանի որոշումը ոչ միայն քաղաքական հետապնդում է եւ Հայաստանն ունեցավ եւս մեկ քաղբանտարկյալ, այլ նաեւ ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը։

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ» զեկույցը, ըստ որի՝  Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ նահանջել է: «Պատերազմը ներքին ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, ինչը կարող է զրոյացնել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը»,- ասվում է զեկույցում, ըստ որի՝ Հայաստանը դասվում է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն:

Հազար պաշտոնաթող ֆրանսիացի սպաներ, այդ թվում՝ 20 գեներալ, բաց նամակ են հղել նախագահ Էմանուել Մակրոնին՝ սպառնալով հեղաշրջմամբ, եթե նա գործուն քայլեր չձեռնարկի երկրում մոլեգնող իսլամիզմի դեմ։ Ըստ պաշտոնաթող գեներալների՝ Ֆրանսիան քաղաքացիական պատերազմի շեմին է։ «Երկրին սպառնում է մի քանի մահացու վտանգ. Երկրում ստեղծվել են կղզյակներ, որտեղ պետության օրենքները չեն գործում»,- ահազանգել են սպաները: Քաղաքական իշխանությանը հատկապես զայրացրել է, որ սպաներին միացել են Լե Պենի գլխավորած ազգայնականները:

Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 808 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214872-ի: Մեկ օրում մահացել է 14 մարդ, մեկը վարակված մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 5080 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով, կազմել է 519.81 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով ու կազմել 627.20 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.51 դրամով  ու կազմել  721.96 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու հասել է 6.95 դրամի:

Ապրիլի 29-ին երկրի առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Երեւանում եւս կեսօրից հետո և գիշերը կարճատև անձրևներ կտեղան։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +14-ից +16, վաղը ցերեկը +26-ից +28 աստիճան։