ԱՄՆ բանագնացների պատվիրակությունը մեկնում է Մերձավոր Արեւելք` տարածաշրջանային աճող մտահոգությունների ֆոնին հիմնական դաշնակիցների հետ բանակցելու համար՝ կապված Իրանի միջուկային գործարքին վերադառնալու նախագահ Ջո Բայդենի փորձի հետ, հայտնում է Reuters-ը։

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ պատվիրակությունը կգլխավորեն Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մերձավորարեւելյան քաղաքականության համակարգող Բրեթ Մաքգերքը եւ Պետդեպարտամենտի խորհրդական Դերեք Չոլետը:

Չնայած վերջնական երթուղին դեռ անհայտ է, թիմը Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս եւ Հորդանան այցելելու նախնական ծրագրեր է ունեցել:

Տարածաշրջանում ԱՄՆ շատ դաշնակիցներ անհանգստացած են միջուկային գործարքին վերադառնալու Բայդենի փորձից՝ վախենալով, որ գործարքի երկարաձգումը, ի վերջո, կարող է Թեհրանին թույլ տալ ձեռք բերել միջուկային զենք, որը իրենց խոցելի կդարձնի:

«Նրանք կտրականապես դեմ էին գործարքին եւ դրան վերադարձն անհանգստացնում է նրանց»- ասել է վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյան:

Իրանը, Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը այս շաբաթ Վիեննայում սկսել են հանդիպումների երրորդ փուլը՝ համաձայնեցնելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի վերականգնման համար, որից 2018-ին հրաժարվել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։