ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը գցել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «մեր ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները»: «Ինչպես նշեց նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»:

Նա նշել է, որ Բայդենը ներկայացրել է իր վաղեմի տեսակետները, երբ հանգստյան օրերին Սպիտակ տունը նրա անունից տարածեց գրավոր հայտարարությունը, որում Ամերիկայի ներկայիս ղեկավարը ճանաչել էր Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը: «Սակայն կարեւոր է նաեւ նշել, որ նախագահը ապրիլի 23-ին լավ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ եւ ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին: Թուրքիան Միացյալ Նահանգների կարեւոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Մենք հանդես ենք գալիս որպես գործընկերներ շատ ընդհանուր տարածաշրջանային եւ գլոբալ շահերի հարցերով»,- ասել է Բլինքենը:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Թուրքիայի հետ երկկողմ ամուր հարաբերությունների պահպանումը, այդ թվում` համագործակցության ընդլայնված ոլորտները, ինչպես նաեւ այն ոլորտների արդյունավետ կառավարումը, որոնցում տարաձայնություններ կան։ «Եւ, ինչպես շատ երկրների միջեւ, մեր միջեւ հակասություններ կան»,- ասել է Բլինքենը: