Սինգապուրի դրամավարկային վարչությունը եւ Թաիլանդի բանկը հայտարարել են աշխարհում առաջին անդրսահմանային արագ վճարային համակարգի գործարկման մասին: Այս մասին ասվում է երկու երկրների կենտրոնական բանկերի տարածած համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սինգապուրի PayNow համակարգը եւ Թայլանդի PromptPay-ը թույլ կտան օրական մինչեւ 1000 Սինգապուրյան դոլար (755 դոլար) փոխանցումներ կատարել բջջային հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Պահումները կկազմեն 3-ից 5 տոկոս՝ կախված փոխանցման ծավալից, սակայն՝ զգալիորեն ցածր փոխանցման ծառայությունների միջին դրույքաչափերից՝ մոտ 11 տոկոս»,- նշել են երկու երկրների ֆինանսական գերատեսչություններում:

«Հաճախորդները ստիպված չեն լինի նշել ստացողների ամբողջական անունը, բանկային տվյալները, փոխանցումները կկատարվեն բջջային հավելվածների եւ հեռախոսահամարի միջոցով,- ասված է հայտարարության մեջ:- Սա աշխարհում անդրսահմանային փոխանցումների առաջին նման փորձն է»:

Գերատեսչության ղեկավար Ռավի Մենոնի խոսքով՝ «արագ վճարումների նախաձեռնությունը մեկնարկել էր 2019-ին՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) շրջանակներում»: