ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» գործով դատական նիստին որպես երրորդ անձ ներգրավված վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը պնդեց, որ Տիրան Խաչատրյանի ներկայացրած հայցը դատարանը պետք է ամբողջությամբ մերժի։

Ներկայացուցիչը հղում անելով Սահմանադրությանը՝ բերեց մի քանի հիմքեր. «Զինված ուժերը գտնվում են Կառավարության ենթակայության ներքո, ԶՈՒ ԳՇ-ն հանդիսանում է ԶՈՒ-երի բաղկացուցիչ մաս։ ԶՈՒ ԳՇ-ն հանդիսանալով ԶՈՒ-երի բաղկացուցիչ մաս գտնվում է Կառավարության ենթակայության ներքո եւ հանդիսանում է ՊՆ-ին ենթակա մարմին։ Վարչական ակտը պետք է ունենա արտաքին ներգործությունը, իսկ այն չի կարող ունենալ, եթե առկա են աշխատանքային ենթակայական հարաբերություններ»։

Ըստ նրա՝ թեեւ հրամանագիրը ստորագրում է Հանրապետության նախագահը, սակայն դա ձեւական ակտ է. «Ձեւական ակտով Հանրապետության նախագահը պետք է ստորագրի, բայց, ըստ էության, որոշման կայացման իրավասությունը վերապահված է Հանրապետության վարչապետին։ Նախագահը չունի այդ հրամանագրի բովանդակությունից տարբերվող այլ լիազորություն։ Գտնում ենք, որ այնքանով, որքանով նախագահը հանդիսանում է բարձրագույն զինվորական պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող սուբյեկտ, ԳՇ պետի տեղակալի եւ նախագահի միջեւ ենթակայական հարաբերությունները եւս հստակ են»։

Հայցվոր կողմի դիտարկմանը, որ Տիրան Խաչատրյանն անհիմն է ազատվել ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, ներկայացուցիչն ասաց, որ նշված հիմքը հիմնավորված չէ եւ առարկայազուրկ է.

«Սահմանադրությամբ որոշակի իրավահարաբերություններ հաշվի առնելով՝ որոշ դեպքերում ազատումն իրականացվում է նաեւ որոշակի հարաբերությունների առանձնահատկություններով։ Օրինակ՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում ազատման հիմքեր կարող են չլինել, այսինքն՝ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ օրենքով ՀՀ նախագահը վարչապետի առաջարկության հիման վրա նշանակում է ԶՈՒ սպայակազմին օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվել է օրենքի պահանջներին խիստ համապատասխան»։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը մի քանի ճշտող հարցեր ուղղեց վարչապետի ներկայացուցչին.

«Արդյոք նախագահն իրավունք ունի՞ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին հրամաններ տալ, եթե այո, ապա արդյոք տվյալ անձնավորությունը պարտավո՞ր է կատարել այդ հրամանները»։

Ներկայացուցիչը  պատասխանեց. «Հրամանների մասով նախագահը, բնականաբար չունի իրավունք։ ԶՈՒ ԳՇ-ն ԶՈՒ-երի բաղկացուցիչ մասն է, ԶՈՒ-երը կառավարության ենթակայության ներքո են, վարչապետն իրավասու է նշանակումներ կատարել այնտեղ, իսկ նախագահի կողմից հրամանագիր ստորագրելը զուտ ձեւական պահանջ է։ Հանրապետության նախագահը զուտ ֆորմալացնում է վարչապետի առաջարկությունը։ Նախագահը չունի լիազորություն»։

Փաստաբան Ավետիքյանը նշեց, որ ներկայացուցիչն այդ պատասխաններով իրեն շփոթեցնում է. «Ի՞նչ լիազորություն ունի նախագահը։ Ունենք նախագահի ինստիտուտ, հարկեր են վճարում, որպեսզի նախագահն աշխատավարձ ստանա, իր գործառույթներն անի։ Նա վարչապետի կամակատա՞րն է»։

«Նախագահը զուտ պետության ղեկավարն է, նա շատ սիմվոլիկ դերակատարում ունի»,- հայտարարեց վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը։

Հայցվոր կողմի ներկայացուցիչն էլ նշեց, որ Սահմանադրությամբ երբ նախագահը ստանում է միջնորդությունը, կարող է ստորագրել, կարող է դիմել ՍԴ եւ վիճարկել սահմանադրականությունը, կարող է վերադարձնել վարչապետին՝ իր առարկություններով եւ կարող է չստորագրել. այսինքն՝ կարող է չորս որոշում կայացնել։

Վարչապետի ներկայացուցիչն էլ նշեց, որ ինքը նկատի ուներ նախագահի դերակատարման մասին։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։