Դատախազները Նիկոլ Փաշինյանի ձեռքով 2 անգամ են պարտվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Դատախազության շենքի դիմաց առաջ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Դատախազության համակարգի աշխատակիցներին։

«Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ։ Նիկոլը մեր երկրին տարավ պարտության, մեր ժողովրդին տարավ պարտության, բայց այս մարդիկ Նիկոլի ձեռքով 2 անգամ են պարտվել. պարտվել են պատերազմում որպես ՀՀ քաղաքացի եւ 3 տարի ծառայելով Նիկոլին՝ դատարաններում օրուգիշեր պարտություններ են կրում։ Պարտվում են որպես պետական մեղադրող, պարտվում են որպես դատախազներ, որովհետեւ կույր կատարում են Նիկոլի հրամանը՝ առանց օրենքի տառը պահելու։ Եվ երկու անգամ պարտված այդ պետական մեղադրողներին հետո երբ պատասխանատվության կանչեն, հիշեցնելու եմ, թե ոնց են կույր ծառայել 3 տարի շարունակ, բայց ավելի վատ, կույր ծառայել են վերջին 6 ամիսներին՝ արդեն ազգադավ ծրագրերի մեջ»,- նշեց Մանուկյանը։

Անդրադառնալով Սյունիքի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով բերման ենթարկելու ապօրինություններին ու ուժ կիրառելուն՝ Մանուկյանն ասաց. «Ապրիլի 22-ին իրավապահ ողջ համակարգի համար հերթական սեւ օրն էր, որովհետեւ այս շենքում գտնվող մարդիկ՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ, լեզուներն ատամների տակ կծեցին, աչքերը փակեցի ու չտեսան Քննչական կոմիտեում, թե ինչպես են անմարդկային վերաբերմունք ցուցաբերում Արցախյան 3 պատերազմների մասնակից շուռնուխցի Արարատի նկատմամբ։ Այնքան կույր ու վախկոտ են, այնքան ծառա են Նիկոլին, որ չտեսան, թե ինչ թուրքական վայրագություն են անում ՀՀ քննչական կոմիտեում, մեկդ ձայն չհանեց»։

Նա անդրադարձավ նաեւ նախորդ անգամ դատախազության շենքի մոտ իրականացրած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործին. «Իբրեւ քաղաքական հետապնդման զոհ դարձել է այսօր բանտարկյալ։ Այսօր մի քանիսին կանչել էին հարցաքննության, բայց այնքան կույր են, որ նույնիսկ Նիկոլի հրահանգով քրեական գործը չեն կարողանում հիմնավորել, դրա համար գլուխները կախ համաձայնվեցին մեր ասածի հետ, որ մենք նման հաստատությունում ցուցմունք տալու իմաստը չենք տեսնում, իրենք էլ ձեռները թափ տվեցին»։

Մանուկյանը դիմեց նաեւ Գլխավոր դատախազության աշխատակիցներին. «Երբ դուք 2021 թվականի կոլեկգիայի նիստում ամփոփելուց կլինեք, դուք ունեք սպիտակ համազգեստ, հանկարծ չհագնեք, որովհետեւ ամոթ է, 2021-ն ամփոփելուց պարզ է դառնում, որ Հայաստանում սպանություններն ավելացել են, գողություններն ու բռնություններն ավելացել են, որովհետեւ դուք՝ ձեր շեֆի գլխավորությամբ Հայաստանի ամբողջ իրավապահ համակարգը կտրել եք իրենց բուն գործից, բերել ու լցրել եք հրապարակները, պայքարում եք ընդդիմության դեմ։ Երկիրը սարքել եք հանցագործության բույն՝ գլխավոր հանցագործի գլխավորությամբ»։