ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր՝ ապրիլի 29-ին, ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին եւ Քսավիե Բրետոնին: Ինչպես NEWS.am-ին փոխանցեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից, Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության եւ հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետեւողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի եւ հետեւողականության առնչությամբ:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է,  որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ֆրանսիական կողմից նման բարձր ներկայացվածությունը համամարդկային արժեքներին եւ արժանապատվությանը Ֆրանսիայի աներեր հանձնառության վերահաստատումն է:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը եւ Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Բարձր է գնահատվել  խորհրդարանական հարթակում ձեւավորված սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հարցերին: Այս համատեքստում Արա Այվազյանը խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների եւ դրանց հասցեագրման հրատապության վրա:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն է հայտնել  ֆրանսիացի խորհրդարանականներին պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար: