Սյունիքում կատարված դեպքի փաստի առթիվ հարուցված քրեական գործը լիարժեք իրավական է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում։ Որ դեպքում որ մեզ տեղեկություններ են հայտնի դարձել խոշտանգումների փաստի վերաբերյալ, չի եղել նման մի դեպք, որ չենք արձագանքել, ՀՔԾ ենք ուղարկել բոլոր այն տեսակ հաղորդումները, ունենք արդեն հարուցված քրեական գործ, այսինքն՝ մենք զուտ իրավական դաշտում հետեւում ենք բոլոր գործընթացներին։ Որեւէ մեկն առերեւույթ խուլիգանություն է կատարել՝ դրան արձագանք, որեւէ մեկի նկատմամբ անհամաչափ ուժ է գործադրվել ոստիկանի կողմից՝ դրան համապատասխան իրավական գործընթաց, այստեղ քաղաքական հետապնդման մասին խոսել չի կարելի։ Եթե հետապնդումը չլիներ խիստ անհատական, եւ եթե հետապնդումը չլիներ այդքան իրավական մեխանիզմների եւ հիմքերի հաշվառմամբ, բոլորդ հրապարակային տեսաք, թե դատախազության շենքի դիմաց ինչ էր տեղի ունենում»,- նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ ինքը չհանդիպեց դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին՝ Դավթյանն արձագանքեց. «Ակցիայի մասնակիցներն ասում են՝ իջեք, մեզ ժամկետներ ասեք, թե ում հետապնդումը երբ կդադարեցվի։ Ոչ, դատախազը չի իջնի եւ նման բան չի ասի։ Ամեն իրավաչափ չհամարողին ես պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ»։

Լրագրողը հիշեցրեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման ժամանակ ինքը հանդիպել էր ակցիայի մասնակիցներին, դատախազ Դավթյանը պատասխանեց. «Որովհետեւ այնտեղ ակցիայի մասնակիցների պահանջն այլ էր։ Մենք պաշտոնական հրապարակում էինք արել, որ բողոք է տարվել համապատասխան ակտի դեմ, ակցիայի մասնակիցներն էլ ասում էին՝ ուզում ենք իմանալ, որ բողոք տարվել. իջել ու ասել եմ՝ բողոք տարվել է»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքում ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին հրահանգներ տալուն եւ հարցին՝ արդյոք դա գործադիր մարմնի կողմից միջամտություն չի՞ համարվում եւ արդյոք իրեն այդպիսի հրահանգ իջեցվե՞լ է, Դավթյանը պատասխանեց.

«Ինձ նման հրահանգ չի իջեցվել։ Ձեր թվարկած պաշտոնատար անձինք համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ։ Տեղի ունեցած իրադարձություններին կառավարության ղեկավարն իր ենթակաների հետ կարող է կիսվել։ Ինչու եմ ասում կիսվել, որովհետեւ եթե դուք դրա անունը դնեք հրահանգ, միեւնույն է, քրեական վարույթում ամեն ինչ իրականցվում է այնպես, ինչպես նախատեսել է Քրեական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը, անկախ նրանից, թե ով ում՝ ինչ հրահանգ է տալիս»։