«Մարտի 1-ի» վերաբերյալ քրեական գործը բացահայտվածության հատվածով գնացել է դատարան, մնացած մասով ունենք անջատված մաս, որը միջդատական վարույթում է. բացահայտված գործը միջդատական վարույթում չի մնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Մարտի 1-ի» գործի ֆոնը բացահայտված է։

«Համադրությունը սխալ եք անում։ Ինձ՝ վարչապետի խոսքը մեկնաբանելու հարցադրումներ մի արեք, հարցրեք դա վարչապետին»,- նշեց նա։

««Մարտի 1-ի» գործով նախաքննության փուլում անջատված մաս կա, որն իր մեջ ներառում է ոչ միայն անձանց սպանությունների վերաբերյալ հատվածները, այլ նաեւ այդ գործընթացին առնչված բազում այլ հանցավոր դրսեւորումներ։ Եթե քննության արդյունքում կպարզվի գործով ամբաստանյալների այլ հանցավոր դրսեւորում, ուրեմն միջդատական վարույթի գործով նրանց նկատմամբ կիրականացվի հետապնդում։ Չենք փորձում հանգամանքներ ի հայտ բերել։ Քրեական գործի նախաքննությունն ընթանում է։ Այդ գործով նախաքննության առարկա են բազմաթիվ հանցավոր դրսեւորումներ, այդ թվում՝ 10 անձանց սպանությունները։ Եթե վաղը պարզվի, որ որեւէ մեկն այդ 10 անձանցից մեկի սպանությունն է կատարել, պարզ չի՞, որ այդ անձի նկատմամբ հետապնդում կիրականացվի»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե իրեն մեղադրում են «Մարտի 1-ի» գործը տապալելու մեջ, ՀՀ գլխավոր դատախազն արձագանքեց. «Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի»։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն խոսքին, որ «Մարտի 1-ի» գործը տապալելու համար պետք է հրաժարական ներկայացվի, Դավթյանն ասաց. «Հրաժարական տալն ինքնանպատակ չի, եթե որեւէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է։ Հրաժարական տալու փաստն ինքնին պատասխանատվությունից խուսափել է։ Հրաժարական պետք է տալ այն ժամանակ, երբ քո պաշտոնական պարտականությունները քո համոզմունքով իրականացնելու համար ունես խոչընդոտներ»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն եւ դատախազության գործողություններին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Ունենք Սահմանադրական դատարանի որոշում, ունենք դրա արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտ։ Այդ դատական ակտը մեր կողմից վիճարկվել է Վերաքննիչ դատարանում՝ համապատասխան հիմնավորումներով։ Եվ այդ գործի մեր պատկերացրած իրավական հեռանկարի հարցով նաեւ նախաձեռնել ենք դիմում ՍԴ-ին»։

Հարցին՝ այդ գործընթացով ի՞նչ հեռանկար պետք է սպասել, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Եթե մեզ հաջողվում է հասնել մեր դիմումի բավարարմանը ՍԴ-ում, մենք հնարավորություն ենք ստանում այդ գործով ամբաստանյալների արարքները վերաորակելու, եւ, ըստ էության, գործի քննությունը շարունակելու, ապացույցները հետազոտելու, դրա արդյունքում համապատասխան դատական ակտին»։

Հարցին՝ եթե դատախազության դիմումը չի բավարարվում, ի՞նչ քայլեր են արվելու, Դավթյանը պատասխանեց. «Ուրեմն մենք չենք կարողանալու իմ ասած իրավական ճանապարհով գնալ»։