ՆԱՍԱ-ն դադարեցրել է SpaceX-ի հետ լուսնային վայրէջք մշակելու եւ ստեղծելու շուրջ 2,9 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիրը: Այս մասին ուրբաթ օրը, ապրիլի 30-ին, հայտարարել է ՆԱՍԱ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մոնիկա Ուիթը, գրում է DW-ն:

Դադարեցումը պայմանավորված է նրանով, որ տենդերի մյուս մասնակիցները՝ Blue Origin-ը եւ Dynetics-ը, ԱՄՆ Գլխավոր վերահսկիչ վարչությունում վիճարկել են պայմանագրի կատարումը SpaceX-ին վստահելու որոշումը: Այժմ աշխատանքները կդադարեցվեն, մինչ գրասենյակը կավարտի բողոքների վերանայումը։ Ակնկալվում է, որ վեճերը կլուծվեն օգոստոսի սկզբին:

ՆԱՍԱ-ն 2019-ի գարնանը ազդարարել էր Artemis լուսնային ծրագրի նախագծի մասին: Այն ներառում է Orion տիեզերանավի անօդաչու թռիչքը Լուսնի շուրջը եւ նրա վերադարձը Երկիր, այնուհետեւ Լուսնի շուրջ թռիչքը անձնակազմով եւ այնուհետեւ 2024 թվականին տիեզերագնացների վայրէջքը: 2030-ականների կեսերին ՆԱՍԱ-ն նախատեսում է վայրէջք իրականացնել Մարսի վրա: