Չորս տիեզերագնաց է վերադարձել Երկիր Միջազգային տիեզերակայանից, որտեղ նրանք տեղափոխվել էին ամերիկյան SpaceX ընկերության «Դրագոն Ռեզիլիենս» տիեզերանավով: Անձնակազմի խցիկը գիշերը վայրէջք է կատարել պարաշյուտներով Մեքսիկական նեղուցում. դա գիշերային ժամերին ամերիկացի տիեզերագնացների առաջին վերադարձն է վերջին 53 տարվա ընթացքում, գրում է ВВС ռուսական ծառայությունը:

«Դրագոն Ռեզիլիենս» խցիկը վայրէջք է կատարել Ֆլորիդայի ափերի մերձակայքում տեղական ժամանակով 02:56-ին: ՄՏԿ-ից դեպի Երկիր դրա թռիքչը տեւել է 6,5 ժամ: NASA-ից հաղորդում են, որ տիեզերագնացների ինքնազգացողությունը լավ է: Երկիր վերադառնալուց հետո աստղագնացները կանցնեն բուժզննում, որից հետո կուղեւորվեն դեպի Հյուսթոն:

Վերադարձել է երեք ամերիկացի եւ մեկ ճապոնացի տիեզերագնաց, որոնք ուղեծրում անցկացրել են կես տարի: Այժմ ՄՏԿ-ում դեռեւս գտնվում է անձնակազմի յոթ անդամ, այդ թվում՝ երեք ռուս, երեք ամերիկացի եւ մեկ տիեզերագնաց Ճապոնիայից:

Հեռարձակման ժամանակ անձնակազմի անդամները շնորհակալություն են հայտնել գործողության բոլոր մասնակիցներին: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Ռեզիլիենս» հրաշալի տիեզերանավի համար: Մենք ասել ենք այդ մասին նախքան թռիչքը, եւ ես դա կրկնում եմ: Ուշագրավ ձեռքբերումներ կարելի է գրանցել, երբ մարդիկ միավորվում են: Եւ ես պարզապես ցանկանում եմ ասել, որ դուք բոլորդ փոխում եք աշխարհը: Շնորհավորում եմ»,-ասել է տիեզերագնաց Մայքլ Հոփքինսը: