Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի միջնակարգ դպրոցի բնական գիտությունների ուսուցիչ Հովարդ Զլոտկինին հեռացրել են դասերից՝ Ջորջ Ֆլոյդի հասցեին անպարկեշտ խոսքերի համար, հայտնում է Lenta.ru-ն:

Ուսուցչի հայհոյանքները ձայնագրվել են: Այնտեղ կարելի է լսել, թե ինչ է Զլոտկինն ասում Ֆլոյդի ու Black Lives Matter-ի մասին առցանց դասի ընթացքում, որի թեման պիտի լիներ կլիմայի փոփոխությունների քննարկումը։

Ձայնագրության մեջ լսվում է, որ ուսուցիչը հայհոյանքներ օգտագործելով՝ Ֆլոյդին անվանում է հանցագործ, որին «ձերբակալել եւ սպանել են, քանի որ չի ենթարկվել»: Նա նաեւ հայհոյանքի միջոցով իր տարակուսանքն է հայտնում այն մասին, որ Ֆլոյդին «հերոս» են դարձրել։

«Մեկնաբանությունները շատ կողմնակալ են: Նա չպետք է այդպիսի քննարկումներ աներ երեխաների հետ՝ դա ոչ մի կապ չուներ դասի առարկայի հետ»,- իրավիճակը նկարագրել է դպրոցի ղեկավար Ֆրանկլին Ուոքերը: Նա հավելել է, որ շրջանի ոստիկանությունը կպարզի, թե արդյոք ուսուցչի արտահայտությունները ատելություն սերմանելու դրդապատճառ են ունեցել:

46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը 2020թ. մայիսին Մինեապոլիսում խեղդամահ էր արվել կեղծ թղթադրամի պատճառով ձերբակալման ժամանակ: Դեպքից հետո ԱՄՆ-ում բողոքի ալիք բարձրացավ ընդդեմ ռասիզմի՝ Black Lives Matter կարգախոսի ներքո: Ոստիկանության նախկին աշխատակից Դերեկ Շովինը Ֆլոյդի սպանության մեջ մեղավոր է ճանաչվել: