Մենք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում էինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին առնչվող մի շարք օրինագծերին կապված հարցեր: Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ էին իրենց հանձնաժողովում երկար ժամանակ քննարկում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մենք ունենք Ընտրական օրենսգրքի նախագիծ, ունենք քրեական օրենսգրքի  նախագիծ, ունենք քրեադատավարական նոր օրենսգիրք, որի վրա աշխատանքները շարունակվում են»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով էր նորմլ, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ընտրության հարցի քննարկման ժամանակ ընտրությունների մասին խոսելու փոխարեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն էր անդրադառնում, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Եթե սա լիներ ընտրություններից հետո ծրագրային ելույթ, դա այլ կլիներ, բայց մենք բոլորս գիտենք, որ սա ձեւականություն է, որն անհրաժեշտ է, որ արտահերթ ընտրությունները դառնան իրականություն»: