Կալիֆոռնիացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրաքարերի սեփականատերերի գրեթե 20 տոկոսը դրանք վաճառելուց հետո կրկին ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաներ է գնում, հայտնում է Motor-ը:

Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ էլեկտրաքարերի յուրաքանչյուր հինգերորդ սեփականատեր հիասթափված է դրանցից եւ վաճառքից հետո ներքին այրման շարժիչներով սովորական ավտոմեքենա է գնում: Պատճառը բավականին պրոզայիկ է. «Էլեկտրաքարերի» բոլոր տերերը բողոքում են վատ ենթակառուցվածքից եւ լիցքավորման կայանների անբավարար քանակից, չնայած Կալիֆորնիան «լիցքավորման կետերի» քանակով առաջատարն է ԱՄՆ բոլոր նահանգներում: Հետազոտությունը հիմնված է նահանգի բնակիչների տվյալների վրա, ովքեր վարդակին միացող հիբրիդներ եւ էլեկտրաքարեր ունեին 2012-ից 2018 թվականներին:

Ընդ որում, հիբրիդերը եւ էլեկտրաքարերը նվազագույն տարբերություններ են ցույց տվել բավարարվածության ցուցանիշներում:Հիբրիդային մեքենաների տերերը դեպքերի 20 տոկոսում ներքին այրման շարժիչով ավտոմեքենա են գնել, իսկ էլեկտրաքարերի տերերը 18 տոկոս դեպքերում անցել են բենզինային կամ դիզելային ավտոմեքենաների: Լիցքավորման կայանների բացակայությունից եւ դրանց անհարմար տեղակայությունից բացի, Կալիֆորնիայի բնակիչները բողոքել են նաեւ տնային լիցքավորման կայանի տեղակայման հետ կապված դժվարություններից: