Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին: Համապատասխան գրառումը Գեյթսն արել է իր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկար մտածելուց եւ մեր հարաբերությունների վրա շատ աշխատելուց հետո մենք որոշում կայացրեցինք խզել մեր ամուսնությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Ըստ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի՝ նրանք հավանական չեն համարում «հետագա աճը՝ որպես զույգ»: Միաժամանակ նրանք պարզաբանել են, որ շարունակելու են համատեղ աշխատել իրենց ստեղծած բարեգործական հիմնադրամի շրջանակներում:

Բիլ Գեյթսը եւ Մելինդա Ֆրենչն ամուսնացել են 1994 թվականին: Նրանք ունեն երեք երեխա: «27 տարի շարունակ մենք դաստիարակել ենք երեք հիանալի երեխաների եւ ստեղծել ենք հիմնադրամ, որն օգնում է ամբողջ աշխարհի մարդկանց՝ ապրել առողջ եւ արդյունավետ կյանքով»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Զույգը չի բացահայտել ամուսնալուծության դատավարության ֆինանսական կողմը: Forbes ամսագրի վարկածով մոտ 130.5 միլիարդ դոլար կարողություն ունեցող Բիլ Գեյթսը չորրորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Forbes-ը Մելինդա Գեյթսին աշխարհի ամենաազդեցիկ հինգերորդ կինն էր ճանաչել 2020-ի վերջին:

2000 թվականից ի վեր Բիլ եւ Մելինդա Գեյթսերը ղեկավարում էին բարեգործական հիմնադրամը, որը մոտ 50 միլիոն դոլար ունի: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են զարգացող երկրներում վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարը, առողջապահական եւ կրթական ծրագրերն ԱՄՆ-ում: Հիմնադրամի միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ են հատկացվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակման եւ համավարակի պայմաններում առավել խոցելի խավերին աջակցության համար: