Ինչո՞ւ եք դուք վստահ, որ գալիք արտահերթ ընտրությունները խռովություն չեն առաջացնի: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը,

«Ես խորը անհանգստություն ունեմ, որ մի ընտրական գործընթաց, որն ի սկզբանե դրված է հակասահմանադրական հիմքերի վրա, եւ արդեն իսկ տեղի ունեցածը հիմք է տալիս ընտրական գործընթացի ցանկացած մասնակցի այս ընտրության արդյունքները վիճարկել ՍԴ-ում: ՍԴ-ի հանդեպ մինչ օրս իրականացրած իշխանական ներխուժումն արդեն վստահություն չի տալիս, որ այդ դատարանում կայացվելու են  արդար որոշումներ, իմ կարծիքով ակնհայտ է, որ այս ընտրությունը տանելու է լրացուցիչ հասարակական լարվածության եւ կանխատեսում եմ լուրջ բախումներ հասարակության ներսում: Սա շատ վտանգավոր գործընթաց է»,-ասաց նա:

Ղազարյանի խոսքով, սրանից հնարավոր կլինի խուսափել, եթե խորհրդարանը մայիսի 10-ին ընտրի վարչապետ, վարչապետը ձեւավորի կառավարություն եւ նրանք անցնեն մեր խնդիրների լուծմանը:

Հարցին, թե ստացվում է, որ կողմ է, որ մայիսի 10-ին վարչապետ ընտրվի Փաշինյանը, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Միակ մարդը, որին ԱԺ-ն պետք է վարչապետ չընտրի, դա ինքն է: Մի քանի պատճառով, որ ինքը ձախողել է, որ ինքը հրաժարական է տվել, որ ինքը մի անգամ արդեն չի ընտրվել: Մնացած բոլորը հավակնորդներ են: Հարգելի ԲՀԿ-ականներ, բա եթե Գագիկ Ծառուկյանը վարչապետի լավ թեկնածու է, ինչո՞ւ չեք առաջադրում, ինչու չեք ընտրում վարչապետ: Մարուքյանն ասում է, որ ես լավ վարչապետի թեկնածու եմ: Ես ասում եմ՝ Մարուքյան ջան, եթե դու լավ վարչապետի թեկնածու ես, ինչո՞ւ չես առաջադրվում»:

Էդգար Ղազարյանը նկատեց, որ 2017-ի ընտրություններից հետո պետք է հաջորդ ընտրությունները լինեին 2022 թվականին, սակայն 2018-ին տեղի է ունեցել հեղափոխություն, դրան հաջորդել են Երեւանի ընտրությունները, հետո նույն տարվա ձմռանը ԱԺ արտահերթ ընտրությունները, 2019-ին դատարանների շրջափակում, 2020-ին համավարակ, սահմանադրական հանրաքվե, պատերազմ, 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություն, 2021-ի աշնան էլ հայտարարել են սահմանադրական հանրաքվե. «Թողեք մենք ապրենք, էս ինչ բան է»: