«Ներդրողի համար կանխատեսելի մթնոլորտի ապահովումն ամենակարևոր հանգամանքներից մեկն է»,– ներդրումային մթնոլորտի եւ սպասումների խնդիրների մասին է խոսել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մայիսի 4–ին Տնտեսական լրագրողների ակումբի  կազմակերպած «Ներդրումային միջավայրը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկմանը։

Բ.Թունյանի կարծիքով՝ իրավական ակտերի բնույթները թերի են․ դրանք կարելի է մեկնաբանել եւ հօգուտ տնտեսվարողի, եւ ի վնաս նրա, բացի դա, վերջին երկու տարվա ընթացքում բազում նախագծեր են փոխվել, կարծես հատուկ  տնտեսվարողների կոնկրետ խմբերի համար, ուստի հրամայական է ներդրումային միջավայրն ավելի համահավասար դարձնելու հարցը։ Նա ավելացրել է նաև, որ սպասումները շատ կարևոր ազդեցություն ունեն գործարարների որոշումների վրա, և այդ ակնկալիքների ձևավորման հարցում լրատվամիջոցների դերը նույնպես շատ մեծ է։

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, խոսելով Հայաստանում  ներդրումային միջավայրի խթանման հնարավորությունների մասին, առանձնացրել է այն ոլորտները, որոնք առավել գրավչություն ունեն՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։  

«Տնտեսության անարդյունավետությունը կարող է ինչ–որ առումով գրավիչ դառնալ ներդրումների համար, որովհետև նախկինում, ըստ էության, մենք ոչ թե նպաստավոր ներդրումային միջավայր ենք ունեցել, այլ ունեցել ենք չզբաղեցված շուկաներ, որոնք արդեն զբաղեցվել են, ունեցել ենք ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք արդեն գնվել են,  ունեցել են հանքեր, որոնք արդեն օգտագործվել են․ այս երեք ուղղությունները կլանել են մինչ այժմ Հայաստանում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալի մոտ 85%–ը, և այս ուղղությամբ մենք այլևս հնարավորություն չունենք ներդրումներ ներգրավելու․ միակը մնացել է Ամուլսարը և տեսնում ենք՝ ինչ է կատարվում դրա հետ։ Հետևաբար ներդրումների ներգրավման հիմնական ուղղությունը պետք է դառնա անարդյունավետ օգտագործվող ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը միտված քաղաքականության իրականացումը» , –  ներդրումային միջավայրի հնարավորություններն ընդհանուր գծերով ամփոփել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ փորձագետ, ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը։

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և «Գերմանական տնտեսական միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ։