Նեյրոցանցերի մասնագետ, բլոգեր Դենիս Շիրյաեւը իր Telegram-ալիքում տեղադրել է այդպիսի ցանցերի կողմից ստեղծված Ռյուրիկովիչների տոհմից առաջին ռուս թագավոր Իվան IV Ահեղի լուսանկարչական դիմանկարը:

Դիմանկարը ստեղծողը պնդում է, որ ստացված պատկերը միայն մոտավորապես է արտացոլում թագավորի արտաքինը:

«Կարեւոր է ասել, որ ամենեւին չի նշանակում, թե Իվան Ահեղն այդպիսի տեսք է ունեցել, մեթոդը պատմականորեն ճշգրիտ չէ՝ դա պարզապես նեյրոնների գուշակությունն է: Ես փորձել եմ ճշգրտել այս կիսանդրին տարբեր դիրքերից եւ գրեթե միշտ ստացվել է տարիքով մարդու նույն դեմքը, ինչը բավական լավ նշան է, բայց, այնուամենայնիվ, սա կիսանդրուն մոտ հնարավոր դեմքի ընդամենը գեներացիան է»,- բացատրել է Շիրյաեւը:

Որպես լուսանկարի հիմք՝ նա վերցրել է խորհրդային քանդակագործ-մարդաբան Միխայիլ Գերասիմովի կողմից պատրաստված կիսանդրին, որը մարդու արտաքին տեսքը վերականգնելու իր սեփական մեթոդն է մշակել: Միխայիլ Միխայլովիչը վերստեղծել է պատմական դեմքերի արտաքին տեսքը` հնագիտական արշավախմբերի ընթացքում հայտնաբերված նրանց մնացորդների հիման վրա: Նրա աշխատանքներին են պատկանում, օրինակ, Անդրեյ Բոգոլյուբսկու, Թամերլանի, Յարոսլավ Իմաստունի, Ֆյոդոր Ուշակովի կիսանդրիները:

Դենիս Շիրյաեւը Իվան Ահեղի արտաքինը լրացրել է Մոնոմախի գլխարկով՝ այն նկարելով Adobe Photoshop-ում: