Կիպրոսի Հանրապետության իշխանությունները մայիսի 10-ից կչեղարկեն կարանտինային խիստ ռեժիմը, սակայն կղզու բնակիչներին ցանկացած հասարակական տարածք մուտք գործելու համար այսպես կոչված Coronapass անհրաժեշտ կլինի՝ անցաթուղթ, որը վկայում է այն մասին, որ մարդը կորոնավիրուսի տարածող չէ: Այս որոշումը կայացվել է պետության նախարարների կաբինետի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Coronapass-ին կարող է փոխարինել վերջին 72 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ախտորոշման համար անցկացված ՊՇՌ թեստի բացասական արդյունքները կամ փաստաթուղթն այն մասին, որ քաղաքացին առնվազն երեք շաբաթ առաջ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իր առաջին դեղաչափը, ինչը կվկայի նրա մոտ հակամարմինների ձեւավորման հավանականության մասին:

Այս անցաթուղթը կպահանջվի յուրաքանչյուրի համար, ով կայցելի մայիսի 10-ից վերաբացվող հանրախանութներ, թատրոններ եւ կինոթատրոններ, ինչպես նաեւ մարզադահլիճներ:

Coronapass-ն անհրաժեշտ կլինի նաեւ հավելյալ կրթության կենտրոններ այցելելու, եկեղեցիներ մտնելու եւ այնպիսի արարողությունների ներկա գտնվելու համար, ինչպիսիք են հարսանիքները, կնունքները կամ թաղումները: Մինչեւ մայիսի 16-ը ներառյալ նման միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 10 մարդ: Մայիսի 17-ից այդ շեմը կբարձրացվի մինչեւ 200 մարդ, սակայն՝ մի պայմանով, որ միջոցառումը պետք է պարտադիր կերպով անցկացվի բացօթյա տարածքում:

Եկեղեցիների, թատրոնների եւ կինոթատրոնների համար գործելու է կարանտինային սահմանափակումները թուլացնելու եռափուլ համակարգ: Մայիսի 10-ից դրանք այցելել կթույլատրվի միաժամանակ մինչեւ 50 մարդու, մայիսի 17-ից` տեղավորվող մարդկանց թվի մինչեւ 30 տոկոսը, իսկ հունիսի 1-ից՝ մինչեւ 50 տոկոսոտ: Խոշոր խանութները հունիսի 10-ից պետք է ապահովեն համապատասխանությունը յուրաքանչյուր հաճախորդի համար նվազագույնը 10 քմ մակերեսով: Կղզում նույն օրվանից ամբողջ ծավալով կվերականգնվի դպրոցների աշխատանքը, սակայն աշակերտները յուրաքանչյուր շաբաթ ստիպված կլինեն ՊՇՌ թեստեր հանձնել: