Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային կազմակերպությունների լռությունը եւս մարդու իրավունքների զանգվածային խախտումների հանգեցրեց: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին ՄԻՊ գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Օմբուդսմենը խոստովանեց, որ այս մասին բացահայտ խոսել է իր միջազգային գործընկերների հետ: «Ես միջազգային կառույցներին բացահայտ ասում եմ. հենց ձեր լռությունը հանգեցրեց դրան, քանի որ ձեր լռությամբ դուք անդառնալի վնաս հասցրիք մարդու իրավունքների համակարգին»,- շեշտեց Թաթոյանը:

Ըստ նրա՝Հայաստանի քաղաքացիները եւ Ղարաբաղի բնակիչներն իրենց համար հստակ հասկացան, որ պատերազմը դադարեցվել է ոչ թե այն պատճառով, որ միջամտել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այլ եղել է կոնկրետ քաղաքական միջամտություն: «Իրավապաշտպան կազմակերպությունները նահանջեցին՝ ամեն ինչ թողնելով քաղաքականությանը»,- ասաց ՀՀ օմբուդսմենը: