Գրեթե տեսանելի է, որ ինչ-որ պահից երկրներն արգելելու են չպատվաստված քաղաքացիների մուտքն իրենց տարածք: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն օգոստոսից ու սեպտեմբերից նման երկրներ կարող են հայտնվել։

Փաշինյանը հիշեցրեց, որ պատվաստման գործընթացը կատարվում է երկու ներարկումով ու ներարկումների միջև ժամկետը կարող է տևել 2 ամիս, ուստի եթե մարդ կա, ով պլանավորում է օգոստոսին ինչ-որ տեղ մեկնել, ավելի լավ է, որ այսօրվանից պատվաստվի:

Վարչապետի պաշտոնակատարը նաև կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ տաքսիների համար այնպիսի նշաններ լինեն, որոնք օրինակ զբոսաշրջիկներին կտեղեկացնեն, որ տվյալ վարորդը պատվաստված է:

Նման տարբերանշաններ կարող են թողարկվել նաեւ մասնավոր ընկերությունների, սրճարանների համար, որպեսզի զբոսաշրջիկն այդ նշանը տեսնելով վստահ լինի,, որ տվյալ սրճարանում կամ ռեստորանում աշխատակիցների մեծ մասը պատվաաստված է: