ՀՀ-ում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կրկին կարող ենք արձանագրել, որ ժամանակը եւ դինամիկան բերում է այն համոզմունքին, որ մենք բավականին լավ ենք կառավարել եւ կառավարում համավարակը:

Ես հիշում եմ, որ 2020-ին մայիս-օգոստոս ժամանակահատվածում մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ, եւ մեղմ ասած փոթորիկներ էին ստեղծում  իրադրության շուրջ: Ես բոլոր այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս տեսնել, թե 2020-ից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչեւ այսօր, նայել բոլոր թվերը, դինամիկան, առողջապահական համակարգերի վիճակները եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում: Մենք ամենաճգնաժամային շրջանում, հետպատերազմյան շրջանում ունեցել ենք ընդհուպ մինչեւ օրական 2 հազար դեմք, բայց երբեք իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հիմա նորից հիվանդանոցները հետ են ծավալվում. «Կարող ենք ասել, որ այստեղ անհավատալի արագություններ ենք զարգացնում, թե ինչ արագությամբ ենք հիվանդանոցները ծավալում, հետո հետ ծավալում»:

Անդրադառնալով պատվաստումների թեմային վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ երեկվա դրությամբ հանրապետությունում պատվաստվել է 7100 մարդ, Կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է:

«Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը կարագանա: Ես հույս ունեմ, որ մեր բիզնեսի ներկայացուցիչները կխրախուսեն իրենց աշխատողներին, որ ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Նաեւ շրջիկ խմբեր են կազմակերպվում եւ կարող են մեծ ձեռնարկությունները պայմանավորվել ԱՆ-ի հետ եւ հենց տեղում պատվաստում իրականացնել»: