Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որոշ հարցերի շուրջ Մոսկվայի եւ Անկարայի կարծիքները տարբեր են, բայց տարածաշրջանային ամենակարեւոր դերակատարներից մեկի՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է բաց պահել եւ շարունակել փոխգործակցությունը:

«Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Որոշ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանն ամենակարեւոր դերակատարն է: Միեւնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է դրական արդյունքների հասնել, բայց հնարավոր է: Դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ նույն կարծիքին ենք: Սակայն մենք ի վիճակի ենք բաց խոսել: Կարեւոր է պահել երկխոսության ուղիները»,- ասել է Չավուշօղլուն գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում:

ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը եւ չի կարող վտանգել երկրի անվտանգությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը դա հասկանում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք, երբ դա հնարավոր է, բայց անհրաժեշտության դեպքում անսասան ենք մնում»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է նպաստի տարածաշրջանային եւ միջազգային կայունությանը:

«Սիրիան դրա օրինակն է: Ակնհայտ է, որ մեր կարծիքները տարբեր են, եւ, այնուամենայնիվ, մենք միասին աշխատելու ուղիներ ենք գտել: Արդյունքներից մեկը սահմանադրական հանձնաժողովն է՝ ՄԱԿ-ի 2254 բանաձեւի միակ գործող մեխանիզմը»,- ասել է նախարարը: