Նույնիսկ ապրանքաշրջանառության նվազեցման պայմաններում Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշորագույն գործընկերը: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ անցած տարի պանդեմիայի հետեւանքով ապրանքաշրջանառությունը նվազել է 9,6%-ով եւ կազմել 2 մլրդ 300 մլն դոլար:  

Լավրովը նշեց, որ կասկած չկա, որ համաճարակաբանական իրավիճակից դուրս գալուց հետո ապրանքաշրջանառությունը կմեծանա արագ տեմպերով:

Միեւնույն ժամանակ, Լավրովը կարծիք հայտնեց, որ երբ իրականացվեն տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման հարցով պայմանավորվածությունները, դրանք թույլ կտան ամրապնդել հայ-ռուսական կապերն ու տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերը:

Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշեց, որ կողմերը ցանկանում են նվազեցնել ապրանքաշրջանառության կտրուկ անկումը:

Նրա խոսքով՝ հունվարի 11-ի պայմանավորվածությունները դիվերսիֆիկացման հնարավորություններ են բացում ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: