Ֆրանսիացի ձկնորսներն ավելի քան 50 նավերով հինգշաբթի բողոքի ցույց են անցկացրել անգլոնորմանդական Ջերսի կղզու ջրերում: Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ նրանք համաձայն չեն ձկնորսության այն պայմանների հետ, որոնք պարտադրում է Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նավերի մի մասը երթեւեկում է կղզու շուրջ, եւս մի քանիսն արգելափակել են դրա մայրաքաղաք Սենթ Հելիերի նավահանգիստը եւ խոչընդոտում են Commodore Goodwill բեռնատարի՝ ծով դուրս գալու փորձերին: Մի շարք նավեր, որոնց անձնակազմերը մտադիր են մասնակցել ակցիաներին, մոտենում են կղզուն:

Ակցիայի մասնակիցների մեծամասնությունը ձկնորսներ են Նորմանդիայից եւ Բրետանից: Նրանց միացել է նաեւ Ջերսիի մի քանի անձնակազմ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ծովային հարցերի նախարար Անիկ Ժիրարդենը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել, եթե Բրիտանիայի իշխանությունները շարունակեն սահմանափակել Ջերսի կղզու շրջանում ֆրանսիացի ձկնորսների մուտքը: Նա ակնարկել է, որ Ֆրանսիան կարող է կասեցնել կղզու՝ էլեկտրականությամբ մատակարարումը, որն արվում է այդ երկրի տարածքից:

Ֆրանսիայի դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ Բրիտանիայի իշխանությունները կազմել էին 41 ֆրանսիական նավից կազմված ցուցակ, որոնց կթույլատրվի ձկնորսությունը Ջերսիի ջրերում, մինչդեռ Փարիզը պնդել է 344 նավերի մասին: Նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան նաեւ մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք ավելի վաղ չեն քննարվել Brexit-ի հարցով բանակցություններում:

Ջերսին Նորմանդական խոշորագույն կղզիներից մեկն է: Այն գտնվում է բրիտանական թագավորության կառավարման գոտում, սակայն Մեծ Բրիտանիայի մաս չի կազմում: Կղզու կարգավիճակը անգլո-նորմանդական է, քանի որ այն կիսելիս Մեծ Բրիտանիան կտրականապես հրաժարվել է անմիջականորեն Ֆրանսիայի հետ համասեփականատիրությունից: