Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նոր իշխանությունները փոփոխել են ԱՍԹ-ներ գնելու ծրագիրը եւ վատթարացրել այն, սուտ է: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա պարզաբանել է, որ եթե 2016-2018 թվականներին Սերժ Սարգսյանի Կառավարությունը ձեռք է բերել X քանակությամբ ԱԹՍ-ներ, ապա նոր իշխանությունը 2018-2020 թվականներին ձեռք է բերել դրանից յոթ անգամ ավելին:

Նրա խոսքով՝ նոր իշխանությունների օրոք աճ է գրանցվել բոլոր ուղղություններով, ձեռք են բերվել ոչ միայն «ՍՈՒ-30 ՍՄ», այլ նաեւ այլ սպառազինություններ, որոնք կարեւոր դեր է ունեցել վերջին պատերազմի ընթացքում:

«Առաջիկայում մենք կհրապարակենք 2018-2020 թվականներին կատարված աշխատանքի վիճակագրությունը՝ համեմատելով 2016-2018 թվականների տվյալների հետ: Օրինակ, եթե 2017 թվականին ռազմական բյուջեն կազմել է շուրջ 207 միլիարդ դրամ, ապա 2018 թվականին մենք հասցրել ենք այն 309 միլիարդ դրամի: Եթե 2016-2018 թվականներին ձեռք է բերվել 50 միավոր ինչ-որ սպառազինության տեսակ, ապա մենք ձեռք ենք բերել այդ նույն սպառազինությունը ավելի քան 300 միավորի չափով»,-ընդգծե; է պաշտոնյան:

Գրիգորյանի գնահատմամբ՝ պատերազմում պարտությունը կապված է հանգամանքի հետ, որ այդ տեմպով աշխատանք չի տարվել նախորդ 15-20 տարիների ընթացքում:

Նա միանշանակ համաձայնել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձեւակերպման հետ, ըստ որի՝ «երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապիտուլյանտ եւ դավաճան են»:

«Դա կապված է այն բանի հետ, որ բանակցային գործընթացից դուրս էր բերվել Ղարաբաղը: Կարելի է հիշել նաեւ Սերժ Սարգսյանի՝ 2011 թվականին Կազանի պայմանագիրը ստորագրելու ցանկությունը: Բացի այդ, պարբերաբար տեղի է ունեցել հրաժարում պահանջներից: Նախկին իշխանությունները, չկատարելով իրենց պարտավորությունները, երկիրը հասցրել են այս վիճակին: Մինչդեռ Ադրբեջանը մեծացրել է ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը գրեթե ոչինչ չի արել»,-եզրափակել է ԱԽ քարտուղարը: