Հայաստանը բարձր է գնահատում գերիների եւ պատանդների ազատման հարցով Ռուսաստանի ջանքերը: Այս մասին Երեւանում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

«Մենք մանրամասն քննարկեցինք հետկոնֆլիկտային իրավիճակը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը պայմանավորվածությունների կատարման հարցում, կարեւոր է մնում գերիների եւ պատանդների վերադարձի հարցը: Շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար: Ռազմական գործողությունների ավարտից հետո գրեթե կես տարի անց Ադրբեջանը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, չի կատարում բոլոր գերիների եւ պահվող անձանց վերադարձի կետը»,-նշեց Այվազյանը:

«Կրկին հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեռու է կարգավորումից: Միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով է հնարավոր համապարփակ քաղաքական կարգավորման հասնել եւ կայունություն ու խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:

Կարգավորման սկզբունքները մշակվել եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագությամբ, եւ մենք հետաքրքրված ենք այդ ձեւաչափի ամրապնդման ու ակտիվացման հարցում»,-հավելեց նա:

Նա նշեց, որ անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար խնդիրներին: Այդ կապակցությամբ նա ռուսական կողմին շնորհակալություն հայտնեց դրանց լուծման հարցում ջանքերի համար:

Միաժամանակ, Այվազյանն ընդգծեց, որ Արցախում հումանիտար հասանելիությունը չպետք է քաղաքականացվի:

«Առավել քան ակտուալ է մնում Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Ադրբեջանական կողմի շարունակվող վանդալիզմի ֆոնին խնդիրը անհապաղ միջազգային միջամտության կարիք ունի»,-նշեց Այվազյանը: