Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հայցադիմումը՝ ընդդեմ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 29-ին եւ նույն օրը մակագրվել՝ դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վահե Հակոբյանը դիմել է դատարան՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ զրպարտության եւ վիրավորանքի համար։ Հակոբյանը պահանջում է հերքել իր վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները, վիրավորանքի համար ներողություն խնդրել, ինչպես նաեւ՝ գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցում։

Հայցադիմումը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել ԱԺ ամբիոնից՝ ապրիլի 28-ին,  Արման Բաբաջանյանի կողմից արված հայտարարությունները։ Մասնավորապես, վերջինս հայտարարել էր, թե Վահե Հակոբյանը երեք տարի շարունակ կատարել է ապօրինություններ, կատարել է մեծ ծավալի հանցագործություններ, վնասներ է հասցրել պետությանը՝ հանցագործությունների շղթա գործարկելու միջոցով թաքցրել է ահռելի կապիտալ։