Եվրամիությունը հրավիրել է ԱՄՆ-ին, Կանադային եւ Նորվեգիային միանալ Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մշտական կառուցվածքային համագործակցության ծրագրին (PESCO), որն ուղղված է ուժերի օպերատիվ տեղակայման հնարավորությունների ընդլայնմանը: Առաջին անգամ ԵՄ անդամություն չունեցող պետությունները կմասնակցեն այդ նախագծին:

«Դրական որոշում է կայացվել Կանադայի, Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի՝ PESCO-ի «Ռազմական մոբիլություն» նախագծին մասնակցելու վերաբերյալ»,-ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունենում Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակում:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելի խոսքով՝ այդ երկրների փորձը կնպաստի նախագծի իրագործմանը, ինչպես նաեւ մոբիլության բարձրացմանը ԵՄ շրջանակում եւ դրա սահմաններից դուրս: Դա կնպաստի Եվրամիության պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:

Այդ գործարքը դիտարկվում է որպես առաջին շոշափելի նախանշան, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգայուն է Եվրոպայի ռազմական հավակնությունների հարցում՝ ի տարբերություն Դոնալդ Թրամփի, գրում է Politico.eu պարբերականի եվրոպական խմբագրությունը:

Դա նաեւ առաջին դեպքն է, երբ նախագծին կմասնակցեն երկրներ, որոնք ԵՄ կազմում չեն: Այդ քայլը թույլ կտա ՆԱՏՕ-ի երեք երկրներին մասնակցել Եվրոպայի ռազմական մոբիլությունը բարձրացնելու հարցում Նիդերլանդների նախաձեռնությանը: Ենթադրվում է, որ այդ ջանքերը թույլ կտան Եվրոպային գործել ավելի օպերատիվ կերպով որոշակի դեպքերում, երբ, օրինակ, կպահանջվի արագորեն տեղափոխել զորքերը Ռուսաստանի հետ ԵՄ սահմանի տարածքում: