Բունդեսթագի պատգամավորները հաստատել են Գերմանիայի կառավարության որոշումը կորոնավիրուսի դեմ պատվաստված եւ հիվանդությունից ապաքինված քաղաքացիներին արտոնություններով օժտելու մասին համավարակի ընթացքում կարանտինային սահմանափակումների ժամանակաշրջանում, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Deutsche Welle-ը:

Մասնավորապես, ԳԴՀ այդպիսի բնակիչների համար մասամբ կչեղարկվեն երկրում տեղաշարժման, առեւտրի կենտրոններ, խանութներ եւ սրճարաններ այցելելու, ինչպես նաեւ ընկերների եւ բարեկամների հետ սոցիալական շփումների սահմանափակումները: Ընդ որում՝ նրանք, ինչպես եւ մյուս գերմանացիները, պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ եւ ձեռնոցներ, պահպանեն սոցիալական հեռավորությունը:

Նշվում է, որ փաստաթուղթը կարող է ուժի մեջ մտնել արդեն մայիսի 9-ից, եթե ստանա խորհրդարանի վերին պալատի՝ բունդեսթագի հաստատումը: Պատվաստումը հաստատելու համար քաղաքացիները պետք է ստանան հատուկ քովիդ-անձնագրեր: Ներկայում երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու շուրջ 3,5 միլիոն դեպք: Վերջին օրերին վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 22 հազարով:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նախազգուշացրել էին տարբեր երկրների կառավարություններին կովիդ-անձնագրեր սահմանելու դեմ աշխարհում անհավասարության հնարավոր աճի պատճառով: Մասնագետները նշել են, որ Երկրում մարդկանց մեծամասնությունը դեռեւս հնարավորություն չունի պատվաստվելու եւ հազիվ թե ստանա այն առաջիկայում: