BHP ավստրալական լեռնարդյունաբերական ընկերությունը մի քանի ամիս առաջ տեղի Toyota-ի ստորաբաժանումից պատվիրել էր 70-րդ շարքի Land Cruiser էլեկտրական ամենագնացը: Ավելի ուշ ինժեներները ներկայացրել էին այդպիսի մոդելը, եւ այժմ այն օգտագործվում է ածխի հանքերում: Սակայն, ինչպես պարզվել է, ճապոնական կոնցեռնն ամենագնացի մեկ նշումով կարող է չսահմանափակվել: Այդ մասին հաղորդում է «Նա ավտոտրասսե»-ն:

Հատկանշական է, որ Toyota ընկերությունը շարունակում է զարգացնել Land Cruiser 70-ը՝ չնայած ավտոմեքենան շուկայում ներկայացվել է մի քանի տասնամյակ առաջ: Մասնավորապես, վերջին թարմացումը կատարվել է անցած տարի: Այդ ամենագնացը շարունակում է սիրված լինել Ավստրալիայում եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում:

Էլեկտրական Land Cruiser 70-ը տարբերվում է իր ստանդարտ տարբերակից ոչ միայն էլեկտրաշարժչի առկայությամբ: Ինժեներները լեռնարդյունաբերական ընկերության պատվերով կտրել են թափքի հետեւի մասը՝ վերածելով ամենագնացը լիարժեք շրջանակային պիկապի: Toyota ընկերությունը չի բացահայտում ո՛չ տեխնիկական բնութագրիչները, ո՛չ այդպիսի մոդելի գինը: Սակայն, եթե հավատանք շշուկներին, դրա արժեքը գերազանցում է 100 հազար դոլարը:

Արդյունքը, որը գրանցվել էր էլեկտրական Land Cruiser 70-ը ստեղծելիս, ստիպել է Toyota ընկերության ղեկավարությանը մտածել ամենագնացների նոր տարբերակի սերիական արտադրության մասին: Այդ առչնությամբ դեռեւս վերջնական որոշում չկա, սակայն, եթե էլեկտրական Land Cruiser 70-ը դառնա սերիական մոդել, դրա գինը կնվազի: