Իրանը չի ընդունի ԱՄՆ-ի եւ նրանց եվրոպական դաշնակիցների նոր պահանջները, որոնք ներկայացվել են միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունների ընթացքում: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Press TV իրանյան հեռուստաալիքը:

Լրատվականի տվյալներով՝ Արեւմուտքը Թեհրանից պահանջում է ոչնչացնել նոր սերնդի ցենտրիֆուգները, որոնք վերջերս էին ներդրվել շարքում՝ փոխարենը առաջարկելով ժամանակավորապես կասեցնել որոշ պատժամիջոցներ, որոնք կապված են իրանյան միջուկային ծրագրի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, ՀՀԳԾ) հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ըստ ՀՀԳԾ-ի՝ Իրանը պետք է հրաժարվի օգտագործել IR-4, IR-6 եւ IR-9 տեսակի կատարելագործված ցենտրիֆուգներ եւ պահպանել դրանք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո, ոչ թե ոչնչացնել դրանք:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով, եթե Արեւմուտքը պնդի իր պահանջների ուղղությամբ, Իրանը կարող է հրաժարվել ոչ միայն Վիեննայում կայացած բանակցություններից, այլ առհասարակ չցանկանա վերադառնալ ՀՀԳԾ: Այդ պահանջները, ընդգծում է Press TV-ն, նպատակ ունեն Իրանին նոր պարտավորություններ ավելացնել ատոմային ոլորտում՝ չնայած ԱՄՆ-ն անգամ  չի համաձայնել չեղարկել բոլոր պատժամիջոցները ՀՀԳԾ-ի շրջանակում, ինչին ձգտում է հասնել Թեհրանը՝ որպես հաստատում միջուկային գործարքին վերադառնալու համար:

Վիեննայում ապրիլի սկզբում մեկնարկել է բանակցային գործընթաց Իրանի եւ միջազգային հնգյակի (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) համատեղ հանձնաժողովի շրջանակում ԱՄՆ-ի՝ ՀՀԳԾ-ում հնարավոր վերադարձի հեռանկարները քննարկելու համար: Մասնակից երկրների ներկայացուցիչները խորհրդակցել են ամերիկյան կողմից հետ, սակայն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ Վիեննայում տեղի չեն ունեցել:

Ապրիլին Նաթանզ իրանական միջուկային օբյեկտում սկսել էր գործարկվել կատարելագործված ցենտրիֆուգների նոր արտադրամաս: Ինչպես հաղորդել է Ֆարս գործակալությունը, այդտեղ միաժամանակ սկսվել է գազի ներհոսք նոր սերնդի ցենտրիֆուգների մեջ: Ընդ որում՝ չի նշվում՝ ցենտրիֆուգների ինչ մոդելների մասին է խոսքը: Բացի այդ, գործակալությունը հաստատել է ավելի վաղ ներկայացված տեղեկատվությունը, որ իրանյան իշխանությունները սկսել են փորձարկել IR-9 ցենտրիֆուգները:

Jam-e Jam իրանյան պորտալը հաղորդել է, որ Նաթանզում նոր արտադրամասը նախատեսված է IR-5 եւ IR-6 ցենտրիֆուգների սերիական արտադրության համար:

Իրանի իշխանությունների հաղորդագրությունների համաձայն՝ ներկայում Թեհրանը ստեղծել է ցենտրիֆուգների 15 տեսակ: Հիմնականում հարստացումը կատարվում է IR-1, IR-2m եւ IR-4 մոդելների օգնությամբ: Միջուկային գործարքի պայմաններով՝ Իրանը կարող է հարստացնել ուրան միայն IR-1 ցենտրիֆուգներում, սակայն գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանը սկսել է գործարկել կատարելագործված սարքավորումը: