ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երեւանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ: