Ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում ցանկացած էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ: Այս մասին Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ միանգամայն հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը Սյունիքում, որպեսզի հնարավորինս հստակ ընդգծի այն հանգամանքը, որ իրենց կողքին գտնվող որեւէ տարածքում հայերի գոյությունն անվտանգ չի լինի:

«Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ Հայաստանի քաղաքացին իրեն ապահով զգա ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից ցանկացած մանիպուլյատիվ գործողություն պետք է դատապարտվի: