Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը ամենօրյա կապ է պահպանում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Այս մասին Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ինչպես նշեց օմբուդսմենը, ռուսական կողմի հետ համագործակցությունը կարեւոր է նրանով, որ Հայաստանի Սյունիքի մարզում կան ռուս զինծառայողներ, ովքեր մասնակցում են տեղի բնակչության անվտանգության ապահովմանը:

ՀՀ օմբուդսմենը իր ռուս գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրները:

«Միջազգային իրավունքի համաձայն, սահմանային գործընթացները, այդ թվում՝ սահմանների բաժանումը, չպետք է խանգարեն մարդկանց առօրյա կյանքին, ինչպես դա տեղի է ունենում Գեղարքունիքի եւ, հատկապես, Սյունիքի մարզերում, որտեղ շատ բնակավայրերում մարդիկ պարզապես չեն կարող տեղաշարժվել կամ ազատորեն տնօրինել իրենց հողը»,- ընդգծեց Թաթոյանը: