Կիեւը հայտարարել է ՆԱՏՕ մտնելու հարցում Ուկրաինային ԱՄՆ աջակցության մասին։

ԱՄՆ-ը հերթական անգամ հաստատել է իր աջակցությունը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործողությունների ծրագիր ստանալու հարցում, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մայիսի 6-ին Կիեւում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Դրանից հետո Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի եվրատլանտյան հեռանկարները, կոռուպցիայի դեմ պայքարը եւ «Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքները»: «Այսօր մենք ստացանք ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայիին լիակատար աջակցության մեկ այլ հաստատում: Բայց դաշինքը շատ անդամներ ունի, ուստի աշխատանքը շարունակվում է: ԱՄՆ-ը մեկ անգամ եւս հաստատել է, որ մեր ռազմավարական գործընկերն է, որը սատարում է Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ»,- Երմակի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի նախագահի աշխատակազմը: Նա նշել է, որ ուկրաինական եւ ամերիկյան կողմերը քննարկում են Սեւ ծովում անվտանգության ամրապնդման փոխգործակցության տարբեր ձեւաչափեր, մասնավորապես՝ աշխարհաքաղաքական եւ ռազմական:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հասնի մի շարք չափանիշների, որոնց իրականացման համար երկար ժամանակ կպահանջվի: Փորձագետները կարծում են, որ առաջիկա 20 տարում Կիեւը չի կարողանա հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցությանը: