Նախագծի ամբողջ բովանդակությունից առանձնացվել է երկու մաս՝ ռեյտինգային ընտրակարգի վերացումը եւ պարզ համամասնականի ներդրումը, ինչպես նաեւ Քրեական եւ Վարչական օրենսգրքերում փոփոխությունները՝ կապված ընտրախախտումների հետ: Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Դանիելյանի խոսքով՝ նոր ԸՕ-ի արտահերթ քննարկումը պայմանավորված է նրանով, որ այն պետք է ընդունվի յոթերորդ գումարման խորհրդարանի կողմից՝ նախքան դրա արձակումը, ինչպես նաեւ այնպիսի ժամկետներում, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի հունիսի 20-ի ընտրություններում կիրառել դրա որոշ դրույթներ:

Իր հերթին, «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ «Իմ քայլը» Ընտրական օրենսգիրքը բաժանել է երեք մասի, եւ այսօր քննարկվում է փոփոխությունների վերջին փաթեթը: Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել փոփոխությունների այս փաթեթի վերաբերյալ: