«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործը չի փակվել եւ դեռ երկար կքննվի: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:

Նա, մասնավորապես, հերքեց հայտարարություններն այն մասին, թե Ծառուկյանի գործը փակվել է։

«Այս գործը շարունակում է հետաքննվել, քանի որ խոսքը հազարավոր մարդկանց մասնակցությամբ քրեական սխեմաների մասին է: Հետեւաբար, հասկանալի պատճառներով, այն դեռ երկար կքննվի»,- պարզաբանեց Դավթյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հանրապետության խոշորագույն գործարարներից Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաեւ ընտրողներին կաշառելու եւ խոշոր հողակտորներ յուրացնելու մեջ: