Տիկին Կարապետյան, ես միամիտ չեմ, եւ հստակ հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Ես չեմ արել որեւէ քայլ, որը կհակասեր մեր երկրի միջազգային արտաքին քաղաքականությանը: Այս մասին Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը:

Թաթոյանը, մասնավորապես, պատգամավորի ելույթը վիրավորական, ակնհայտ մանիպուլյատիվ անվանեց:

«Սա Հայաստանի օմբուդսմենի գործունեությունը նսեմացնելու փորձ է: Ես ասում եմ, որ կադաստրային փաստաթղթեր ունեցող բնակիչները զրկվել են իրենց հողամասերից, իսկ դուք ինձ հայտարարում եք, որ ամսի 15-ին ես արտասանել եմ «սահմանազատում» բառը, 17-ին ասել եմ «սահմանագծում»: Գոնե մեկ անգամ եղե՞լ եք Գորիս - Շուռնուխ կամ Կապան - Չաքաթեն հատվածում: Հարց տվեցին, օրինակ, ի՞նչ կլինի, եթե այնտեղ ՃՏՊ տեղի ունենա: Դուք ասում եք, որ ես լռեմ: Ես լռում եմ, որպեսզի միջազգային կառույցները չլսեն, բայց եթե նման դեպք պատահի, ինչպե՞ս եք գնալու եւ պաշտպանելու մեր քաղաքացու իրավունքները: Ի՞նչ է, մեր քաղաքացուն պետք է գան ու հարցաքննեն Ադրբեջանի՞ քննչական մարմինները: Ես նամակ եմ գրել արդարադատության նախարարությանը, եւ այս մարդիկ նույնպես չգիտեն՝ ինչ անել: Ի՞նչ կլինի։ Մեր քաղաքացուն կձերբակալե՞ն, գերի՞ կվերցնեն»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ Մարինա Կարապետյանը, մասնավորապես, ասաց, թե Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի հայտարարություններում եւ վերլուծություններում կան այնպիսիք, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն եւ չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շահերին: Կարապետյանը նաեւ նշեց, որ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ Արման Թաթոյանի հայտարարությունները նույնպես «չեն նպաստում հասարակության հոգեբանական անձեռնմխելիության պաշտպանությանը»: