Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կարծում է, որ վերջին շրջանում նա կարող էր երկրորդ անգամ կորոնավիրուս տանել: Այս մասին նա հայտարարել է սոցցանցերում իր շաբաթական հեռարձակման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մի քանի օր առաջ ինձ մոտ [կորոնավիրուսի] երկրորդ անգամ վարակման ախտանիշներ կային: Ես իվերմեկտին ընդունեցի, եւ հաջորդ օրն ինձ արդեն լավ էի զգում»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ չմանրամասնելով՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել է, թե ոչ: Ընդ որում, Բրազիլիայի ղեկավարը կտրուկ է արտահայտվել նաեւ նրանց հասցեին, ով քննադատում է այլընտրանքային դեղամիջոցները, նույնիսկ եթե դրանց արդյունավետությունը գիտականորեն ապացուցված չէ:

Բոլսոնարուն առաջին անգամ կորոնավիրուս էր տարել անցյալ տարվա հուլիսին: Հուլիսի 7-ին նա հայտնել էր, որ իր հանձնած թեստի արդյունքները դրական են եւ սկսել էր հիդրօքսիխլորոքին ընդունել: Երկրի ղեկավարի խոսքով՝ դեղամիջոցի ընդունումից մի քանի ժամ անց նրա վիճակը բարելավվել էր: Ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ավելի վաղ որոշում էր կայացրել դադարեցնել հիդրօքսիխլորոքինի՝ որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի փորձարկումները: ԱՀԿ-ում նշել են, որ, ըստ մի շարք հետազոտությունների, դեղամիջոցը դրական ազդեցություն չունի COVID-19-ի բուժման վրա:

Բոլսոնարուից բացի, կորոնավիրուս են տարել նաեւ երկրի փոխնախագահ Անտոնիո Համիլթոն Մոուրաուն, ինչպես նաեւ Բրազիլիայի կառավարության նախարարների կեսից ավելին: