Twitter-ը համանուն միկրոբլոգերի ծառայությունում կամավոր նվիրատվությունների գործառույթ է ներդրել: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է հինգշաբթի ընկերության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մշակողների խոսքով՝ Tip Jar գործառույթը նախատեսված է, որպեսզի Twitter-ի օգտատերերը կարողանան ֆինանսապես աջակցել իրենց դուր եկած հեղինակներին: Առաջին փուլում նվիրատվություններ ուղարկելու հնարավորությունը հասանելի կլինի բացառապես iOS եւ Android օպերացիոն համակարգերի անգլախոս օգտվողներին: Ընդ որում, ոչ բոլորը կկարողանան միջոցներ ընդունել, այլ միայն՝ սահմանափակ թվով «հեղինակներ, լրագրողներ, փորձագետներ եւ հասարակական կազմակերպություններ»:

«Սա մեր աշխատանքում առաջին քայլն է Twitter- ում նյութական աջակցություն տրամադրելու եւ ստանալու նոր ուղիներ ստեղծելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: Մշակողները խոստանում են «շուտով ավելացնել մարդկանց թիվը, ովքեր կարող են Tip Jar-ը միացնել իրենց էջին, ինչպես նաեւ ընդլայնել լեզվական ծածկույթը»: