Գեղարդի վանքի տարածքում քաղաքացիները «երազանքի ծառերին» ժապավեններ կապելու փոխարեն, դիմակներ են կապել։ Տեւական ժամանակ է՝ ինչ Գեղարդի վանքի ծառերն այս վիճակում են։ NEWS.am-ի հետ զրույցում զբոսավար Տաթեւիկ Խորենյանն ասաց, որ բացի դիմակներից, ծառերին կապված են նաեւ տարբեր կտորներ, պլաստմասե տոպրակներ ու անձեռոցիկներ։

«Ավանդույթի համաձայն՝ մարդիկ պետք է երազանք պահեին ու  գունավոր ժապավեններ կապեին, բայց քանի որ մեր ժողովուրդը մի բանը կիսատ է լսում ու հասկանում, ձեռքի տակ ինչ ընկնում է՝ կապում են։ Կորոնավիրուսով պայմանավորված, հիմա էլ դիմակներ են կապում, ոչ միայն բժշկական, այլեւ կտորից։ Այնքան տգեղ է, ծառերն ամբողջությամբ աղբով են պատված»,– ասաց Տաթեւիկը։

Զբոսավարը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց  այս խնդրի շուրջ, ընդգծելով, որ Գեղարդի տարածքում միշտ զբոսաշրջիկներ են լինում եւ այդ տեսարանը  տհաճ զգացողություններ է առաջացնում նրանց մոտ։

«Նրանք դժգոհում էին ոչ միայն այն բանից, որ տգեղ է, այլեւ նրանից, որ դա վտանգավոր է վիրուսի տարածման տեսանկյունից։ Վերջերս ռուս զբոսաշրջիկներից մեկն ասաց, որ այդ տեսարանը իրեն  հիշեցնում է վատ օրերի մասին, քանի որ համավարակի պատճառով հարազատ է կորցրել ու ինքը չէր ցանկանա հիշել այդ ծանր օրերը»,- պատմեց Տաթեւիկը։

Զբոսավարը դիմել է վանքի տարածքում աշխատողներին, որպեսզի ուշադրություն դարձնեն խնդրին, սակայն վերջիններն ասել են, որ դա իրենց հսկողության տակ չէ եւ իրենք որեւէ պարտավորություն չունեն տարածքը մաքրելու հետ։ Նրանք ասել են նաեւ, որ «երազանքի ծառերը» աշնանից հետո չեն մաքրել։