Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույնս մասն է համարվում գերիների հարցով աշխատանքները. Այդ առումով մեր ռուս գործընկերը՝ ՌԴ դատախազը ամբողջությամբ ներգրավված է գործընթացի մեջ եւ այդ խողովակն օգտագործելով մեզ հնարավորություն է ընձեռնվում եւ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, եւ հատկապես նրանց նկատմամբ խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ տեղեկությունները փոխանցել, դրանով նաեւ մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետեւեն իրավական գործընթացներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Դրանք հենց քրեական գործերի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են: Այսինքն այդ գործերով են արձանագրվում փաստական հանգամանքները: Այդ տեղեկատվությունը կիսում ենք մեր ռուս գործընկերների հետ եւ նրանց միջնոդրությամբ հնարավոր է դառնում, որ Ադրբեջանն այդ խնդիրներին լուրջ վերաբերվի եւ գիտակցի իր բարձր պատասխանատվությունը»,-ասաց նա:

Հարցին, թե հայկական կողմը ադրբեջանցի քանի զինվորականի կամ պաշտոնյայի նկատմամբ է հետախուզում հայտարարել, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այո, ունենք բազում հետապնդումներ, հուսով եմ՝ բոլորդ այնքան լուրջ եք վերաբերում այս խնդրին, որ պատկերացնում եք դրա մասին հրապարակային խոսելն արդարացված չէ»:

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հրապարակային հայտարարում է, որ օրինակ հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ, դատախազն արձագանքեց. «Դա չի նշանակում, որ եթե իրենք խոսում եմ, նույնկերպ մենք պետք է վարվենք: Մենք խնդրին վերաբերում ենք իրավական հարթության մեջ եւ բնականաբար, մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով գալիս ենք հետեւության, որ դրա մասին հրապարակային խոսելը կվնասի: Մենք մեր հակաքայլերը միշտ ձեռնարկել ենք, որոնք բոլորն արդյունք են տվել: Նրանք որեւէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»: