2020-ին արձանագրված դեպքերով հաջողվել է վերադարձնել 14 մլրդ դրամը գերազանցող գումար: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս երեք տարիների ընթացքում նախկինում թալանվածի ամենամեծ վերադարձը որն է եղել:

«Մենք տարբերություն չենք դնում ոչ մի դեպքի մեջ՝ մեծ, փոքր, բոլորով էլ իրականացնում ենք մեր աշխատանքը»,-ասաց նա:

Հարցին, թե դավաճանության կամ լրտեսության մեղադրանքով անցնո՞ւմ են գործող կամ նախկին պաշտոնատար անձինք, նա պատասխանեց. Նախկին զինծառայող է անցնում, շարքային չէ, բայց զինծառայող է: Դավաճանության հետ կապված մեկ քրգործ արդեն ավարտվել եւ ուղարկվել է դատարան: Այն գործերը, որոնք նախաքննության փուլում են, ճիշտ չի լինի հրապարակումներ անել»:

Ինչ վերաբերում է նրան, թե այդ դավաճանության դեպքերը որքանով են ազդել պատերազմի արդյունքի վրա, Արթուր Դավթյանն ասաց. «Վաղ է, որպեսզի ես ամեն մի կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցության առումով: Շուրջ 1650 քրգործեր են քննվում: Երբ դրանցով կունենանք իրավական գնահատականներ, մենք անդրադառնալու ենք նաեւ դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա»: