Այս իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է՝ ուժերի հզոր համախմբմամբ մեզ հաջողվելու է երկիրը փրկել անխուսափ փլուզումից, մոլագար պոպուլիստներին չպետք է թույլ տանք ուտել մարդկանց միտքն ու ուղեղները: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը:

«Թույլ չենք տալու շարունակել հասարակությանը բաժանել նախկինների եւ նորերի, գայլերի եւ գելխեղդների,  ժողովրդին նույնականացնել կենդանական աշխարհի հետ: Եթե բանը հասել է նման կարգի բաժանման, թույլ տվեք նկատել, որ գայլն անհամեմատ ավելի ազնվացեղ է, քան նրա կոկորդը կտրելու պատրաստ շունը: Բացի այդ, ես չեմ կարծում, որ գայլը շանը թույլ կտա իր կոկորդը կրծել:

Մենք ուզում ենք եւս մեկ անգամ հավաստել, որ քաղաքական պոպուլիզմը առավել քան իրական վտանգ է եւ կարող է ավերիչ լինել ընտրությունների պատրաստվող Հայաստանի համար», ասաց նա:

Եպիսկոպոսյանը հավելեց, որ ընտրությունների ժամանակ իրենք ֆիքսելու են ընտրակաշառք բաժանելու, վարչական ռեսուրս կիրառելու դեպքերը, հետեւելու են, որ ընտրարշավն ընթանա բաց, թափանցիկ, համապատասխանի օրենքին եւ քաղաքական պայքարի էթիկային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամիսներ առաջ մարզերից մեկում բնակչության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե նախկինները գելեր են, ապա իրենք գելխեղդներ են, որոնք թույլ չեն, որ գելերը ժողովրդին ուտեն: