Դուք շատ լավ գիտեք, որ ես զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, այդուհանդերձ հավաստիացնում եմ, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն գործելու է ոչ որպես որեւէ քաղաքական ուժի, այդ թվում ինձ աջակցելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք: Եթե որեւէ մեկը կփորձի անել քայլեր մեր պետության, մեր ժողովրդի դեմ, կարժանան մեր կողմից շատ խիստ գնահատականի եւ արձագանքի»,-ասաց նա:

Իր հերթին ԱԱԾ նախկին տօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ասաց. «Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ փորձում է առաջ տանել իր գաղափարները եւ մենք ամեն ինչում պատրաստ ենք աջակցելու մեր գործընկերոջը այդ բարդ ու պատասխանատու գործում: Այս հիպերակտիվ քաղաքական իրավիճակում չենք կարող մի կողմ քաշված մնալ: Անելու ենք ամեն ինչ, ինչը հնարավոր ենք համարում: Մենք քարոզչության ժամանակ հետեւելու ենք կուսակցությունների ծրագրերին: Համապատասխան փուլում նաեւ հետեւություններ կանանք, թե որպես անհատներ, կամ որպես ՀԿ ինչ դիրքորոշում կգրավենք ընտրությունների հետ կապված»,-ասաց Համբարձումյանը: